Հնագետների միջազգային թիմն անցած շաբաթ Կահիրեի հարավում գտնվող Նյուսերե թագավորի տաճարի տակ հայտնաբերել է մինչ այժմ անհայտ հնագույն շինության փլատակներ։ Մասնագետները ենթադրում են, որ գտածոն կարող է լինել Հին Եգիպտոսի Հինգերորդ դինաստիայի մինչ այժմ չգտնված չորս «Արեւի տաճարներից» մեկը, տեղեկացրել է Arkeonews պորտալը։
«Նախնական հետազոտությունները թույլ են տվել ենթադրել, որ գտածոն արեւի չորս տաճարներից մեկն է, որոնք կառուցվել են Հինգերորդ դինաստիայի դարաշրջանում»,- նշվել է Եգիպտոսի հնությունների եւ տուրիզմի նախարարության պաշտոնական հաղորդագրությունում։
Մեզ հասած գրավոր աղբյուրներում տեղեկություն կա այն մասին, որ Հինգերորդ դինաստիայի դարաշրջանում (մ.թ.ա. 2465–2323թթ.) հին Եգիպտոսում կառուցվել է Արեւի վեց տաճար։ Ներկա պահին գիտնականներին հաջողվել է հայտնաբերել դրանցից ընդամենը երկուսը։ Արեւի տաճարները կառուցվել են հին եգիպտական Ռա աստծո երկրպագության համար։
Շինության մնացորդները, որոնք հայտնաբերել են գիտնականներն անցած շաբաթ, կառուցված են եղել հում աղյուսից։ Կրաքարե ժայռի մեջ փորված է եղել ենթադրյալ տաճարի մուտքը, որը միջանցքով տանում է դեպի քարե հատակ եւ հսկայական կվարցե բլոկներ ունեցող հարթակ։ Հետազոտողները նշել են, որ, որպես կանոն, Հինգերորդ դինաստիայի տաճարներն ունեցել են համեստ չափերով մուտքի կառույց, սրահ, որը տարել է դեպի տաճարի հիմնական շինությունը. այն սովորաբար մուտքի մակարդակից շատ ավելի բարձր է եղել։





























