Օգոստոսի 15-ին իր տան տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, ոստիկանության աշխատակից 25-ամյա Դավիթ Ավետիսյանը։ Նա աշխատել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայությունում։

Դավիթ Ավետիսյանի ընտանիքի անդամները համագյուղացիներին պատմել են, որ մինչեւ ինքնասպանությունը Դավիթը ինչ-որ հեռախոսազանգ է ստացել, տնից դուրս է եկել պատասխանելու համար, իսկ որոշ ժամանակ անց նրան գտել են տանիքում՝ կախված։

Սա վերջին շաբաթում իրավապահ մարմինների աշխատակցի ինքնասպանության երրորդ դեպքն է։ Օգոստոսի 16-ին իր մոր շիրիմի մոտ ատրճանակով ինքնասպան էր եղել 37-ամյա դատախազ Արամ Գրիգորյանը։ Օգոստոսի 18-ին Բուսաբանական այգում հայտնաբերվեց ոստիկանության աշխատակից 41-ամյա Տոնիկ Հարությունյանի դին. ըստ նախնական վարկածի՝ նա մեծ քանակությամբ դեղահաբեր ընդունելով՝ ինքնասպանություն է գործել։