Գերմանական հանրահայտ Oktoberfest-ը վերջապես կվերսկսվի այս աշնանը կորոնավիրուսային համավարակի պատճառով երկամյա դադարից հետո, հայտարարել է գարեջրի հայտնի փառատոնի ղեկավար Կլեմենս Բաումգերտները, փոխանցում է PA Media-ն։
Նրա խոսքով՝ Բավարիայի մայրաքաղաքում փառատոնը կանցկացվի առանց սահմանափակումների սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 3-ը՝ Գերմանիայի ազգային տոնը։ «Այն կանցկացվի այնպես, ինչպես մենք գիտենք, եւ ոչ այլ կերպ»,- հավելել է Բաումգերտները:
Oktoberfest-ը, որն առաջին անգամ անցկացվել է 1810 թվականին՝ ի հիշատակ Բավարիայի թագաժառանգ արքայազն Լյուդվիգի եւ արքայադուստր Թերեզայի հարսանիքի, իր ավելի քան 200 տարվա պատմության ընթացքում տասնյակ անգամներ չեղարկվել է պատերազմների եւ համաճարակների պատճառով:
Ըստ Oktoberfest-ի պաշտոնական կայքի՝ գարեջրի մեկ լիտր գավաթը կարժենա 12.60-ից 13.80 եվրո՝ մոտ 15 տոկոսով ավելի, քան 2019 թվականին։





























