2022թ․ օգոստոսի 2-ից մինչև նոյեմբերի 1-ն ընդունվում են հայտեր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում (ՄԹ) ուսանելու նպատակով «Չիվնինգ» կրթաթոշակներ ստանալու համար։ Հայտերը կարող են ներկայացվել chevening.org/apply կայքի միջոցով։
«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի և համագործակցություն նախարարության, գործընկեր կազմակերպությունների և գործընկեր համալսարանների կողմից։ Այն ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մագիստրոսական կրթություն ստանալու համար՝ միաժամանակ տրամադրելով բացառիկ ակադեմիական, մասնագիտական և մշակութային փորձառության ձեռքբերման լայն հնարավորություններ։ Կրթաթոշակները տրամադրվում են այն անհատներին, ովքեր ունեն դրական փոփոխություններ մտցնելու հանձնառություն ու կարողություններ և կարող են ներկայացնել, թե ՄԹ-ում ստացած մագիստրոսի կոչումն ինչպես կօգնի հասնել իրենց նպատակին։
1983 թվականից ի վեր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը Միացյալ Թագավորությունում ուսանելու և կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռել ավելի քան 50000 մասնագետների։ 2023-24թթ․ ուստարվա համար կրթաթոշակներ կստանան ավելի քան 1500 դիմորդներ։ Սա վկայում է ՄԹ-ի՝ ապագայի առաջնորդներ պատրաստելու հանձնառության մասին։
Հայաստանում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսն ասել է․
«Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 180 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի անդամներ, քաղաքացիական հասարակության ազդեցիկ ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ:
Եթե դուք ցանկանում եք դրական փոփոխություններ մտցնել, լինի դա տեղական թե գլոբալ մակարդակում, և եթե ունեք պատկերացում՝ ինչպես ոգեշնչել ուրիշներին, ապա «Չիվնինգ» կրթաթոշակը կարող է ձեզ համար հիանալի հնարավորություն լինել։ Բաց մի՛ թողեք այդ հնարավորությունը, մինչև նոյեմբերի 1-ը դիմեք «Չիվնինգ» կրթաթոշակի համար»:
ՄԹ արտաքին գործերի, համագործակցության երկրների և զարգացման նախարարության Կրթաթոշակների վարչության ղեկավար Նաոմի Ռեյներն ասել է․
«Մենք հպարտ ենք մեր՝ համաշխարհային մակարդակի համալսարաններով և գիտենք, որ մշակույթների, փորձառության և տեսակետների բազմազանությունը հարստացնում է մեր կրթական միջավայրը։ «Չիվնինգ» կրթաթոշակառուները նշանակալի ներդրում ունեն այդ ամենում։ Նրանք դառնում են մեր ավելի քան 50000 շրջանավարտների ցանցի կարևոր մասը։
«Չիվնինգի» մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.chevening.org կամ Բրիտանական դեսպանատան էջեր Ֆեյսբուքում և Թվիթերում։




























