ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Գուլյանը ընդունել է հայտնի արգենտինացի երաժիշտ Գագիկ Գասպարյանին եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության տեղական մարմնի պատասխանատու, տնտեսական գիտությունների դոկտոր Ռուբեն Կետիկյանին։

Ինչպես հայտնել են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, խոսակցության հիմնական թեման դարձել են Արգենտինայի հայ համայնքի հասարակական եւ մշակութային կյանքը, նրա խնդիրները եւ նվաճումները, այդ լատինաամերիկյան երկրում հայերի ինքնության պահպանման հարցը, Հայաստան-Արցախ- Սփյուռք կապի ամրապնդման ճանապարհները եւ միջոցները։

Տվյալ համատեքստում նշվել է նաեւ Գագիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում, երեւացող տեղում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողքին, Ղարաբաղի պատերազմի զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման փաստը, ինչը հայ համանքում իր տեսակի մեջ միակն է։

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը հնչել են ՀՀ եւ ԼՂՀ պետական օրհներգերը, հայրենասիրական երգեր։ Ընթերցվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի ողջույնի ուղերձը։

Զրույցի մասնակիցները նշել են, որ հուշարձանի բացման արարողությունը կարեւոր իրադարձություն է ոչ միայն հայ համայնքի, այլ նաեւ Արգենտինայի մայրաքաղաքի կյանքում։

«Հուշարձանի կառուցումն ամեն հայի պարտքն է եւ իմ որդիական պարտքը Արցախի ազատագրական պայքարի շարքերում եղած հորս եւ նրա զոհված ընկերների հիշատակի հանդեպ»,- նշել է Գագիկ Գասպարյանը։