Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Հայաստանի խորհրդարանում կսադրի ՀՅԴաշնակցությանը՝ պայքարի ելնել գործող վարչախմբի դեմ, հոկտեմբերի 23-ին կայացած ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:
«Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարը կարող է սահուն վերածվել իշխանափոխության համար պայքարի»,- հայտարարել է նա: Ռուստամյանն ընդգծեց, որ Դաշնակցությունն արդեն հանդես է գալիս նոր պլատֆորմով, որում բացի սոցիալական եւ ազգային ժողովրդավարական հարցերի վերաբերյալ ավանդական մոտեցումներից, արտացոլված են նաեւ նախատեսվող ընտրույթուններին Դաշնակցության մոտեցումները: ՀՅԴ-ն չի փոխել նաեւ իր վերաբերմունքը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եւ պնդում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության, պատգամավորական տեղերի կրճատման եւ պատգամավորների անձեռնմխելիության վերացման վրա:
Փաստաթղթում նաեւ խոսվում է հակակոռուպցիոն օրգանի ստեղծման մասին, որը պետք է գլխավորի ընդիմադիր գործիչ: Դաշնակցականները նաեւ պնդում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշանակվի Ազգային ժողովի կողմից: Իսկ գլխավորը, ըստ Ռուստամյանի, պլատֆորմը նախանշում է ՀՅԴ պատրաստվածությունը իշխանափոխությանը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Ռուստամյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների վրա ճնշում էին բանեցնում նրանք, ովքեր Ցյուրիխում ստորագրման ժամանակ կանգնած էին նրանց թիկունքում: Նա նաեւ ընդգծեց, որ արձանագրությունները կստորագրվեն թուրքական խորհրդարանի կողմից, քանի որ Անկարան որեւէ պատճառ չունի չվավերացնելու: «Թուրքիան հասավ իր ուզածին եւ հիմա անցել է Ադրբեջանի խնդիրների լուծմանը»,- նշեց Ռուստամյանը:




























