Բելառուսի գլխավոր դատախազությունը պնդում է, որ իրեն հայտնի է 400 կենդանի նացիստ հանցագործների գտնվելու վայրի մասին։ Մինսկը հարցումներ է ուղարկել 18 երկրների՝ իրավաբանական օգնություն խնդրելով դատարանում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության գաղափարական աշխատանքի գլխավոր վարչության ղեկավար Լեոնիդ Կասինսկին։ Թե երբ են այդ մարդիկ հանցագործություններ կատարել, նա չի հստակեցրել, սակայն ասել է, որ նրանք իբր մասնակից են եղել Բելառուսի ժողովրդի ցեղասպանությանը։

Այդ մասին պաշտոնյան պատմել է Ռուսաստանի կողմից կազմակերպված հակաֆաշիստական ​​համագումարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պարոն Կասինսկու խոսքով՝ նշված հանցագործները «վայելում են օտար պետությունների պաշտպանությունը»։ Տարեսկզբից Բելառուսը 60 հարցում էր ուղարկել «բելառուս ժողովրդի ցեղասպանության գործով իրավական օգնության համար»։

Լեոնիդ Կասինսկին պարզաբանել է, որ հարցումներն ուղարկվել են, մասնավորապես, Ավստրալիա, Արգենտինա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Կանադա, Լատվիա, Լիտվա եւ ԱՄՆ։ Բելառուսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ Լիտվան եւ Լատվիան հրաժարվել են իրավական օգնություն ցույց տալ՝ բացատրելով, որ դա «կվնասի իրենց պետությունների անվտանգությանը»։

Համագումարն անցկացվում է «Բանակ-2022» ֆորումի շրջանակներում։ Այն բացվել է օգոստոսի 15-ին եւ կգործի մինչևեւ վաղը՝ օգոստոսի 21-ը։ Միջոցառումն անցկացվում է մերձմոսկովյան «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում։ Բացման օրը միջոցարմանը ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ֆորումին 0.5 տրիլիոն ռուբլու պայմանագրեր է ստորագրել, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։