Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների մասին առաջին փաստաթուղթը կարող է հայտնվել օգոստոսի 29-30-ին։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, տեղեկացրել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
«Մենք անվտանգության երաշխիքները շատ կարեւոր ենք համարում, մենք մշտապես խոսում ենք այդ մասին մեր բոլոր գործընկերների հետ։ Այսօր նույնպես դա քննարկման առարկա է եղել, ես ուրախ եմ, որ մեր գործընկերները հետաքրքրություն են ցուցաբերում... Մինչեւ այս ամսվա վերջ, ես կարծում եմ, որ դա կլինի օգոստոսի 29-ը կամ 30-ը, մենք կարող ենք պարոն Ռասմուսենի հետ ունենալ առաջին փաստաթուղթը, մեր խմբի վերաբերյալ հանձնարարականները։ Այդ փաստաթղթի վրա մենք այժմ աշխատում ենք»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ինքն արդեն ծանոթացել է տեքստին, եւ դա «շատ հզոր փաստաթուղթ է լինելու»։
Հիշեցենք, որ երկու շաբաթ առաջ Երմակն ասել էր, որ Ուկրաինան արեւմտյան գործընկերներին ներկայացնելու համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներ է պատրաստում։





























