ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայց է ներկայացրել՝ պահանջելով հատուկ փորձագետ նշանակել Մար-ա-Լագոյի իր նստավայրում ՀԴԲ-ի խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերի ուսումնասիրման համար, տեղեկացրել է Axios-ը։

Խուզարկությունը ցույց է տվել, որ Թրամփը Սպիտակ տնից  գաղտնի փաստաթղթեր է տարել Մար-ա-Լագո։ Հիմա նա խնդրում է դաշնային դատարանին արգելել ՀԴԲ-ին ուսումնասիրել առգրաված փաստաթղթերը, մինչեւ որ հատուկ փորձագետ նշանակվի։

Հատուկ փորձագետը սովորաբար երրորդ կողմ է, օրինակ՝ պաշտոնաթող դատավոր, որն ուսումնասիրում է նյութերը եւ որոշում՝ արդյոք դրանք պաշտպանված են փաստաբանական գաղտնիքով կամ մեկ այլ իրավաբանական դոկտրինով։

Թրամփը նաեւ դատարանին խնդրում է կառավարությունից պահանջել ներկայացնել առգրաված նյութերի ավելի հանգամանալից ցուցակ եւ վերադարձնել այն իրերը, որոնք խուզարկության օրդերի գործողության տակ չեն ընկնում։

«Այսօրվա դրությամբ կառավարությանը չի հաջողվել օրինականացնել իր պատմական որոշումը նախագահի տուն ներխուժելու մասին, նախագահ, որը լիովին համագործակցում էր (իշխանությունների հետ)»,- նշված է հայցում։