Թբիլիսիի Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատված վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան նախատեսում է իր գործունեությունը՝ որպես գլխավոր ռեժիսոր, շարունակել Մոսկվայի Ալեքսանդր Կալյագինի Et Cetera թատրոնում։ «Վերջնական որոշում կայացնելու համար ես երկու-երեք շաբաթ ժամանակ եմ խնդրել։ Ինձ հետաքրքիր է՝ որքանով ազատ կլինեմ ես հոգեպես»,- «Գրուզիա online»-ի փոխանցմամաբ ասել է ռեժիսորը։

Նշենք, որ վրացի ռեժիսորն օրերս ազատվել էր Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինքը՝ ռեժիսորը, չի կասկածում, որ աշխատանքից ազատվել է իշխանությունների հասցեին հնչեցրած իր արտահայտությունների պատճառով։

Վերջերս կայացած իր ստեղծագործական երեկոյի ժամանակ Ստուրուան ասել էր, որ «չի ուզում, որ Վրաստանի նախագահը այլ ազգության ներկայացուցիչ լինի»։

Նա կցանկանար, որ երկրի ղեկավարը վրացի, ոչ թե հայ լիներ, որպիսին, նրա խոսքով, Միխայիլ Սահակաշվիլին է։

Խոսելով իշխանությունների մասին՝ Ստուրուան նաեւ հայտարարել էր, որ երկիրը գտնվում է «կիսադեգեներատների ձեռքին»։