Սինգապուրի իշխանությունները որոշել են չեղյալ համարել 377A օրենքը։ Դե յուրե այն արգելում էր սեքսը տղամարդկանց միջեւ։ Դե ֆակտո՝ քրեականացնում էր ցանկացած միասեռ հարաբերություն: Գեյերին ու լեսբուհիներին սպառնում էր մինչեւ երկու տարվա ազատազրկում, գրում է Euronews-ը։
Վարչապետ Լի Սյան Լունն ասել է, որ միասեռականության համար քրեական պատժի չեղարկումը կօգնի երկրի նորմատիվ ակտերը համապատասխանեցնել ժամանակակից սոցիալական նորմերին:
Քաղաքական գործիչը կարծում է, որ բնակչության մեծամասնությունը կաջակցի փոփոխությանը։ Միեւնույն ժամանակ, նա խոստացել է պաշտպանել ամուսնության սահմանումը որպես «տղամարդու եւ կնոջ միություն», քանի որ շատ առումներով Սինգապուրը մնում է ավանդական հասարակություն, հավելել է BBC-ն։
377A օրենքը գործել է բրիտանական գաղութացման ժամանակներից։ 1965 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Սինգապուրն այն ուժի մեջ է թողել։
Վերջին տարիներին հոդվածը գրեթե չի կիրառվել։ Երկրում բազմաթիվ ԼԳԲՏ ակումբներ են հայտնվել, մեծացել է աջակցությունը փոքրամասնություններին։





























