Մեծ Բրիտանիայի փաբերի ավելի քան 70 տոկոսը հույս չունի հաղթահարել ձմեռը՝ էներգակիրների գների աճի պատճառով, հայտնում է Morning Advertiser թերթը:
«Փաբերի գրեթե երեք քառորդը դժվար թե կարողանա հաղթահարել ձմեռը, եթե քայլեր չձեռնարկվեն էներգետիկ ճգնաժամը լուծելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 1-ից Բրիտանիայում գազի եւ էլեկտրաէներգիայի գնի շեմը բարձրացել է 54 տոկոսով։ Էներգիայի ծախսերը բրիտանացի սպառողների համար աճել են տարեկան միջինը 700 ֆունտ սթեռլինգով: Չորեքշաբթի օրը The Telegraph-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի էլեկտրաէներգիայի վճարները կարող են ավելի քան եռապատկվել եւ 2023 թվականի ապրիլից հասնել տարեկան 6500 ֆունտ սթեռլինգի:
Ինչպես նշում է թերթը, հարցման համաձայն, փաբերի սեփականատերերի ավելի քան 65 տոկոսն ասել է, որ իրենց կոմունալ վճարներն աճել են ավելի քան 100 տոկոսով, մինչդեռ 30 տոկոսը հայտնել է 200 տոկոս ավելացման մասին, իսկ 8 տոկոսը՝ 500 տոկոս ավելացման մասին։ Գրեթե 80 տոկոսը հայտարարել է, որ չի կարող իրեն թույլ տալ էլեկտրաէներգիայի ծախսերի ավելացում։
Ինչպես նշվում է, փաբի սեփականատերերը կառավարությանը կոչ են անում մի շարք միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն իրենց հաղթահարել ճգնաժամը՝ սկսած ԱԱՀ-ի իջեցումից մինչեւ բիզնեսի համար էներգիայի գների սահմանափակում, հակառակ դեպքում կբախվեն «փաբերի եւ ռեստորանների զանգվածային փակման»:




























