Անկարան կշարունակի աջակցել Կիեւին, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի եւ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։
Շնորհավորելով նրանց՝ նախարար Աքարն ընդգծել է, որ Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային կշարունակվի»,- ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ ռուս-ուկրաինական կարգավորման հարցում։ Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցներին Թուրքիան չի միանում եւ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների հետ՝ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցություններ կազմակերպելու համար։





























