Միացյալ Նահանգները 2021թ. հունվարից Ուկրաինային տրամադրել է նրա տարեկան պաշտպանական բյուջեն եռակի գերազանցող ռազմական օգնության ծավալ։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։
«Մենք հայտարարել ենք 3 մլրդ դոլարի չափով օգնության նոր փաթեթի մասին, որն ամենամեծն է [ԱՄՆ-ի] ներկայիս վարչակազմի համար։ Այս վարչակազմի աշխատանքի սկզբից 2021թ. հունվարին մենք հայտարարել ենք Ուկրաինային անվտանգության ոլորտում մոտ 13,6 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին։ Որպեսզի ձեզ ավելի հասկանալի լինի, այն մոտավորապես երեք անգամ գերազանցում է Ուկրաինայի տարեկան ռազմական բյուջեն»,- ասել է նա։
Խոսելով ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում սպառազինությունների մատակարարման ժամկետների մասին՝ Ժան-Պիեռը նշել է. «Այս հայտարարությունը նշանակում է պայմանագրերի կնքման գործընթացի սկիզբ, որոնց շրջանակում [ԱՄՆ] պաշտպանության նախարարությունը ձեռք կբերի լրացուցիչ [պաշտպանական] միջոցներ Ուկրաինայի Զինված ուժերի համար»։ «Դա նշանակում է, որ Ուկրաինայի համար սպառազինությունների ձեռքբերման այդ գործընթացի որոշ մասը որոշակի ժամանակ կտեւի։ Ես կոնկրետ ժամկետներ չունեմ»,- ավելացրել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը։
Նա հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի կզանգահարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի պատմի Վաշինգտոնի կողմից Կիեւին ռազմական օգնության ցուցաբերման ընթացքի մասին։ «[ԱՄՆ] նախագահը պատրաստվում է զրուցել նախագահ Զելենսկու հետ, որի հետ քանիցս խոսել է վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Մենք շփման բաց գիծ ունենք ոչ միայն նախագահ Զելենսկու, այլեւ նրա կառավարական թիմի հետ։ Ամենայն հավանականությամբ, մենք հայտարարություն կանենք [արդյունքների վերաբերյալ], եւ մենք ավելի մանրամասն տեղեկություն կհայտնենք այդ խոսակցության մասին։ Բայց նախագահ [Բայդենը] ցանկանում է ճշտել ժամկետները, եւ դա տեղի կունենա վաղը»,- ասել է Ժան-Պիեռը։
ՌԴ-ի ռազմական գործողությունների սկսվելու պահից ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է 12,6 մլրդ դոլարի ռազմական օգնություն։





























