Չիլիի Ատակամա անապատում գտնվող Լա Սիլյա աստղադիտարանի աշխատակիցները գիշերային երկնքում նկարահանել են հազվագյուտ մթնոլորտային երեւույթ՝ կարմիր սփրայթներ։ Եվրոպական հարավային աստղադիտարանի պաշտոնական կայքում հրապարակումը նվիրված է խորհրդավոր կարմիր լույսերին։

Սփրայթներ կոչվում են սառը պլազմայի պարպումները, որոնք տեղի են ունենում երկրային մթնոլորտի վերին շերտերում: Ի տարբերություն սովորական կայծակների, որոնք ձեւավորվում են անձրեւային ամպերի մեջ, սփրայթները շատ ավելի բարձր են՝ ծովի մակարդակից 50-90 կիլոմետր բարձր։ Սփրայթները շատ ավելի սառն են կայծակներից, ինչի պատճառով գունատ տեսք ունեն: Սփրայթ լուսանկարելը հեշտ բան չէ։

Չիլիի երկնքում հազվագյուտ կարմիր սփրայթները լուսանկարվել են տեղական յուրահատուկ պայմանների շնորհիվ: Աստղադիտարանը, որի աշխատակիցներն արել են լուսանկարները, գտնվում է ծովի մակարդակից բարձր անապատում, որտեղ երկինքը շատ պարզ է եւ լուսային աղտոտվածություն չկա։ Այս գործոնները նպաստում են ամենահազվագյուտ մթնոլորտային երեւույթների դիտարկմանը։

Թվում է, թե կարմիր լույսերը առկայծում են հորիզոնի անմիջապես վերեւում, բայց իրականում սփրայթները ձեւավորվել են շատ բարձր երկնքում: Օպտիկական աղավաղումը պայմանավորված է նկարահանման վայրի հատուկ պայմաններով: