Կարծիք կա, որ բոլոր այն պատժամիջոցները, որոնք կարող էին սահմանվել, արդեն իսկ կիրառվել են Ռուսաստանի նկատմամբ, սակայն դրանք այժմ արագ տեմպերով չեն ներդրվում միայն բումերանգի էֆեկտի պատճառով։ Այս մասին օգոստոսի 26-ին Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Իվան Տիմոֆեեւը։
«Այնուամենայնիվ, խնդիրներ կան, եւ Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցությունը բավականին լուրջ է, որոշ ոլորտներում այն երկարաժամկետ կլինի, հատկապես՝ բարձր տեխնոլոգիական ոլորտներում։ Ներմուծման փոխարինման գործընթացը բարդ է լինելու։ Մենք պատժամիջոցային ցունամիի մեջ ենք՝ միակողմանի սահմանափակող միջոցների աննախադեպ քանակություն, որոնք կիրառվում են Ռուսաստանի Դաշնության եւ մի շարք այլ պետությունների դեմ։ Սակայն ՄԱԿ-ի տեսանկյունից նրանք միջազգային լեգիտիմություն չունեն։ Ներկայիս պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության դեմ կարելի է համեմատել Իրանի դեմ պատժամիջոցների հետ։ Թեեւ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ն դեռ ածխաջրածինների՝ համաշխարհային շուկա մուտքի արգելք դեռ չի սահմանել։ Առայժմ նրանք այսպիսի բան իրենց թույլ տալ չեն կարող, քանի որ դա գնաճի եւ այլ բացասական տնտեսական ծախսերի ավելացման կհանգեցնի»,- ընդգծել է փորձագետը։
Տիմոֆեեւը համոզված է, որ գործող պատժամիջոցների նպատակը ռուսական տնտեսության ջախջախումն է։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կառուցվածքը համընկնում է Բելառուսի դեմ պատժամիջոցների հետ, որը վաղուց է պատժամիջոցների տակ, 2020-ի ընտրություններից հետո աճ է նկատվում։ Բելառուսի փորձը շատ կարեւոր է, եւ Ռուսաստանում այն մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում է։
Նրա խոսքով՝ պարզվեց, որ Ռուսաստանի տնտեսությունը շատ ավելի ադապտիվ է։
Փորձագետը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ գոտում հաջողվեց ֆինանսական կայունություն պահպանել, խուսափել ֆինանսական խուճապից, պահպանել ֆինանսական գործարքների կայունությունը։
«Ռուսաստանի ֆինանսական իշխանությունները մի քանի տարի բավականին մեծ ջանքեր են գործադրել՝ ազգային վճարային համակարգ, վճարային քարտերի ազգային համակարգ ստեղծելու համար։ Ռուսաստանի տնտեսության անկումը կանխատեսվում է 3-4 տոկոսի մակարդակում, ինչն ավելի լավ է, քան Համաշխարհային բանկի կողմից ավելի վաղ հրապարակված թվերը (8.8 տոկոս)։ Դեպի դրականը վերանայումը կապված է էներգակիրների բարձր գների հետ»,- եզրափակել է Տիմոֆեեւը։





























