Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ–ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից։
«Առանձնակի կարեւորելով գործընկերային հարաբերությունների զարգացումը Երեւանի եւ Ղազախստանի քաղաքների միջեւ՝ քաղաքապետ Սարգսյանը նկատել է, որ հստակ ծրագրերի եւ նախագծերի իրագործման համար առկա է մեծ հնարավորություն: Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է նաեւ քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնց բարեփոխման համար Երեւանը կարող է աշխատանքներ տանել գործընկեր քաղաքների եւ կազմակերպությունների հետ՝ ուսումնասիրելով վերջինների հաջողված փորձը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու եւ օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանը միտված բոլոր նախաձեռնություններին եւ ծրագրերին: Դեսպանն անդրադարձել է նաեւ մի շարք ընկերությունների գործունեությանը, որը կարող է հետաքրքրել Երեւանին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,– ասվում է հաղորդագրության մեջ։





























