2022 թվականի աննախադեպ գնաճի ֆոնին զգալիորեն ավելացել են նաեւ դպրոցականներին անհրաժեշտ ծախսերը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022 թվականի հուլիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միայն գրասենյակային պարագաների և գծագրության նյութերի գներն աճել են 11,5 տոկոսով։ Գրենական պիտույքները երկնիշ գնաճ են արձանագրել այն դեպքում, երբ արժեզրկված դոլարի պայմաններում դրանց մեծ մասը ներկրվում է արտերկրից՝ Չինաստանից և Թուրքիայից։
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայ ընտանիքները ջանում են երեխաների համար ձեռք բերել այն ամենը, ինչն անհրաժեշտ է երեխային դպրոց ճանապարհելու համար, մասնավորապես՝ հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ, գրքեր, տետրեր և այլն։ Այս տարի բարձր գնաճ է գրանցվել նաև այս ապրանքային շուկաներում, ինչը փաստի առջև է կանգեցրել հազարավոր ընտանիքների։ Անշուշտ, հայկական ավանդույթի համար ծնողները ոչինչ չեն խնայում երեխաներին ըստ պատշաճի դպրոց ճանապարհելու համար և որքան էլ գրենական պիտույքները կամ հագուստը թանկ լինեն, նրանք գնում են։ Աշխատավարձերի, թոշակների և նպաստների անհամաչափ բարձրացման պայմաններում ընտանիքները ստիպված են այլ ծախսերի հաշվին կամ լրացուցիչ պարտքով ձեռք բերել դպրոցական պարագաներ, ինչն էլ ավելի է վատթարացնում նրանց կենսամակարդակը։ Իրավիճակն է՛լ ավելի է սրվում, երբ ընտանիքը 2 կամ ավելի երեխա է ճանապարհում դպրոց․ ծախսերը կրկնապատկվում կամ եռապատկվում են։
Եվ այսպես՝ այս տարվա հուլիսի ընթացքում հագուստի (3-13 տարեկան երեխաների համար) գներն աճել են 10,4 տոկոսով, իսկ երեխաների կոշիկը՝ 10,6 տոկոսով։ Հանրահայտ է, որ Թուրքիայից ներկրման արգելքի չեղարկումից հետո հայաստանյան հագուստի և կոշիկի շուկաները ողողված են թուրքական ապրանքներով, սակայն նույնիսկ դրանք են թանկացել լիրայի և դոլարի արժեզրկման պայմաններում։ Դպրոց գնալուց առաջ երեխաները սովորաբար օգտվում են նաեւ մազերի հարդարման ծառայություններից, որոնք նույնպես թանկացել են 4,4 տոկոսով։
Ուշագրավ է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` գրքերն ու գրասենյակային պարագաները թանկացել են 9,8 տոկոսով։ Մասնավորապես՝ գրասենյակային պարագաներն և գծագրության համար նյութերը թանկացել են 11,5 տոկոսով, թղթե արտադրանքը (տետրերը)՝ 12,6 տոկոսով և այլն։
Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ այս տարի երեխաներին դպրոց ճանապարհելու ծախսերի երկնիշ աճը լուրջ սոցիալական խնդիրներ է առաջացրել հայ ընտանիքների համար։ Ապագայի աղքատությունը պետք է վերացնել հիմա՝ աղքատ ընտանիքներում ապրող երեխաներին ապահովելով անհրաժեշտ հագուստով, կոշիկով և գրենական պիտույքներով։
Արամ Աճեմյան





























