Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անխուսափելիորեն կբարձրանա առնվազն 27 սանտիմետրով՝ Գրենլանդիայի սառցե գլխարկի հալման պատճառով։ Դանիայի եւ Գրենլանդիայի ազգային երկրաբանական ծառայության (GEUS) փորձագետները կարծում են, որ դա տեղի կունենա նույնիսկ եթե մարդկությունն ամբողջությամբ դադարեցնի ածխածնի արտանետումները։

Գիտնականները վերլուծել են Գրենլանդիայի սառցե զանգվածների արբանյակային պատկերները, որոնք ստացվել են 2000-2019 թվականներին։ Վերլուծությունը ցույց է տվել, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդել կղզու սառցե շերտի վիճակի վրա։ 27 սանտիմետրը նվազագույն չափն է, որով ծովի մակարդակը կբարձրանա Գրենլանդիայում սառույցի հալման պատճառով, սակայն գիտնականները զգուշացնում են, որ իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել։

Ըստ հետազոտության առաջատար հեղինակ, GEUS-ի պրոֆեսոր Ջեյսոն Բոքսի՝ մասնագետներն իրենց աշխատանքում հաշվի են առել միայն սառույցի կորուստը գլոբալ տաքացման պատճառով, սակայն հաշվի չեն առել այլ գործոններ։ «Սա շատ զուսպ գնահատական է։ Իրականում Գրենլանդիայի սառցե գլխարկի հալվելը կարող է շատ ավելի էականորեն ազդել համաշխարհային ծովերի մակարդակի վրա մինչեւ քսանմեկերորդ դարի վերջը»,- ասել է Բոքսը: