Պետությունը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետաքննության հարցում հանցավոր անգործություն է ցուցաբերում՝ ցանկանալով ցույց տալ, որ պետական գերատեսչությունների մասով որեւէ խնդիր չկա, եւ մեղադրում է միայն մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Նա ընդգծեց, որ ողբերգությունն օգտագործվել է նախընտրական քարոզչություն իրականացնելու համար։

Փաստաբանը արձանագրեց, որ Հայաստանը հեռու է իրավական եւ սոցիալական պետությունից, հակառակ դեպքում տուժածներին պետք է լիարժեք փոխհատուցում տրամադրվի, որը կծածկի նաեւ նյութական վնասը։

«Ակնհայտ անհավասարակշռություն կա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժածներին 30 միլիոն դրամի եւ «Սուրմալու»-ի ողբերգության անմեղ զոհերին 3 միլիոն դրամի փոխհատուցման չափի մեջ։ Ի՞նչ չափանիշներ են դրված փոխհատուցման տրամադրման հարցում»,- տարակուսեց նա։

Կոչուբաեւը նաեւ մատնանշեց արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական հագեցվածության գոյություն ունեցող խնդիրները՝ նման ողբերգությունների վայրում աշխատանքներ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունը եւ դրան հաջորդած հրդեհը 16 մարդու կյանք են խլել։