Բավարիայում կնոջ գերեզմանում հազվագյուտ միջնադարյան ծալովի աթոռ են գտել: Սա Գերմանիայում երկրորդ նման արտեֆակտն է, ընդհանուր առմամբ նման կահույք Եվրոպայում հայտնաբերվել է ընդամենը 29 գերեզմաններում։
Աթոռը մոտ 1400 տարեկան է, այն պատրաստվել է վաղ միջնադարում։ Չափսը՝ 70×45 սանտիմետր է։ Այն հանգուցյալի ոտքերի մոտ է եղել։
Աթոռը պատրաստված է երկաթից՝ հազվագյուտ դեպք, կա ընդամենը վեց նման նմուշ։ Մնացածը փայտյա են։
«Առաջին հայացքից ժամանակակից թվացող այս իրի հայտնաբերումը հազվադեպ երեւույթ է։ Այն պատմամշակութային մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ պատկերացում է տալիս այդ ժամանակաշրջանի բնակչության արտոնյալ խավերի թաղման ավանդույթների եւ գույքի, ինչպես նաեւ կահույքի տեսակների ու դրանց օգտագործման մասին»,- ասել է Բավարիայի հուշարձանների պահպանության գերատեսչության ղեկավար Մաթիաս Պֆայլը։
Նախնական տվյալներով՝ թաղված կինը մահացել է 40-50 տարեկանում։ Գերեզմանում պահպանվել են նրա կմախքն ու զարդերը։




























