Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղը մի քանի ամիս է՝ ոռոգման ջրի խնդիր ունի։ NEWS.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Արիստակ Սուվարյանը պատմեց, որ այժմ ջրի խնդիրն էլ ավելի է խորացել։
«Մարզպետը պետք է արձակուրդից գար, այդ հարցերով քննարկում ունենայինք։ Գնացինք հանդիպման, ինքը չգիտես՝ ինչու մեզ հետ հանդիպելու ժամանակ չունեցավ։ Երեւի ոչինչ չունի ասելու, չի կարողանում իր խոստումները կատարել։ Ժողովուրդն էլ նորից նույն տրամադրվածությամբ ասում է՝ եկեք, գնանք, ճանապարհ փակենք»,- ասաց բնակիչը։
Ըստ բնակչի՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ջրի խնդիրը պայմանավորված է հողերի խոշորացման հետ. «Շատերը կընդիմանան, չեն ուզի, որ հողերը խոշորացնեն կամ վաճառեն ինչ-որ մեկին, հիմնական նպատակն այդ հողերի գնումն է, այսինքն՝ հողը գնողը մի քանի հարյուր հետկտարներով կգնի հողերը, իրեն ջուր կտան, ինքը կջրի»։
Արիստակ Սուվարյանը պատմեց նաեւ, որ գյուղի բնակիչներից շատերը, ոռոգման ջուր չունենալով, ստիպված են լինում խմելու ջրով ջրել եւ հիմա արդեն խմելու ջուրն էլ պարբերաբար անջատում են։
Հիշեցնենք, որ ջրի խնդրի պատճառով գյուղի բնակիչները հուլիսի 22-ին մի քանի ժամով փակել էին մարզի գլխավոր ճանապարհը։ Բնակիչների հետ այդ օրը հանդիպել էին պատկան մարմինների ներկայացուցիչները, որոնց թվում նաեւ մարզպետը։ Նրանք խոստացել էին հարցին լուծում տալ։





























