Շատ երկրներում երաշտի պատճառած գլոբալ վնասը հունվար-հունիսին կազմել է 13,2 մլրդ դոլար։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Nikkei տնտեսական թերթը՝ հղում կատարելով Aon միջազգային ապահովագրական ընկերության տեղի մասնաճյուղի հաշվարկներին։
Փորձագետների կարծիքով՝ Եվրամիության երկրներն այժմ վերջին 500 տարվա մեջ ամենաուժեղ երաշտն են ապրում։ Այն մոլեգնում է նաեւ ԱՄՆ-ի արեւմուտքում, Պակիստանում եւ Չինաստանում։ Չինաստանում գետերի ծանծաղելու պատճառով էլեկտրաէներգիայի արտադրությունը մի շարք հէկերում նվազել է մոտ 40 տոկոսով, նշել է թերթը։ Սիչուան նահանգում դրա պատճառով, մասնավորապես, ժամանակավորապես կանգնեցվել է Toyota Motor կորպորացիայի հավաքման գործարանը։
Ավելի վաղ՝ հունիսին, Ճապոնիայի Շրջակա միջավայրի ուսումնասիրման ազգային ինստիտուտի եւ Տոկիոյի համալսարանի մասնագետները հրապարակել էին զեկույց, որում հաստատել են, որ ընթացիկ հարյուրամյակի կեսին երաշտը բացառություն չի լինելու, այլ նորմ շատ շրջանների համար, ներառյալ Միջերկրական ծովի ափերը եւ Հարավային Ամերիկայի շատ հատվածներ։




























