Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական սրացումը կարեւոր նշանակություն ունի այն ժամանակի առումով, երբ դա տեղի է ունենում։ Ժամանակը կարեւոր է, քանի որ Ռուսաստանը նախկինում եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենաազդեցիկ միջնորդը, գրում է Reuters-ը։

Թեեւ Կրեմլը երեքշաբթի օրը հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում արյունահեղությունը զսպելու համար, Ուկրաինայի պատերազմը խաթարել է Մոսկվայի կարգավիճակը՝ որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավոր։ Հնարավոր է՝ դա նոր պահանջներ ներկայացնելու համարձակություն տվեց Ադրբեջանին։

«Կարծում եմ, որ Ադրբեջանում զգացողություն կա, որ այժմ ժամանակն է օգտագործելու իր ուժը, ռազմական առավելությունը եւ առավելագույնս կորզելու նրանից, ինչ կարող է ստանալ»,- ասել է Ռուսաստանի եւ Եվրասիայի Chatham House ծրագրի գիտաշխատող Լոուրենս Բրոերսը:

Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես կտրականապես համաձայն չեն, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համապարփակ համաձայնագիրը:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ հակամարտությունը տարածաշրջանային խոշոր տերություններին՝ Ռուսաստանին եւ Թուրքիային իր մեջ ներքաշելու եւ նավթի ու գազատարների համար կարեւոր միջանցք հանդիսացող Հարավային Կովկասն ապակայունացնելու վտանգ է պարունակում այն դեպքում, երբ Ուկրաինայում պատերազմն արդեն իսկ խաթարում է էներգակիրների մատակարարումները:

Մոսկվան պաշտպանական դաշինք ունի Հայաստանի հետ եւ ռազմակայան, մինչդեռ Անկարան աջակցում է Ադրբեջանում գտնվող իր էթնիկ թուրք ազգականներին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումներով:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը կարող է ավելի շատ խաղաղապահների կարիք առաջացնել, երբ Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ դրանց տրամադրումը:

«Կարծում եմ՝ ռիսկը կապված է մի տեսակ նոր բուֆերային գոտիների, անվտանգության գոտիների ստեղծման, Հայաստանի առնվազն հարավային հատվածի որոշակի մասնատման եւ դա կանխելու արտաքին խաղացողների անզորության հետ»,- ասում է Բրոերսը: