«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը չի կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մոտ ժամանակներս ինչ-ինչ քայլեր կատարվեն։

«Իմ խորին համոզմամբ, Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելը Հայաստանի համար խիստ դրական քայլ էր, որովհետեւ դրանով մենք ցույց տվեցինք բանակցություններ վարելու մեր պատրաստակամությունը։ Բայցեւայնպես բանակցություններն իրականության վերածվելու հավանականությունը հենց սկզբից մեծ չի եղել։ Այսօր անհնարինության աստիճանն աճել է։ Դժվար եմ պատկերացնում, որ ստեղծված իրավիճակում հայ-թուրքական բանակցային գործընթացում որեւէ քայլ կատարվի։ Միեւնույն ժամանակ, երբեք չի կարելի ասել երբեք»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հաստատ է մեկ բան. Հայաստանը ունի բոլոր խաղաքարտերը՝ ասելու, որ ինքը հավուր պատշաճի կատարել է իր վրա վերցրած պարտավորությունները, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին»,- ամփոփեց նա։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանն օրեր առաջ անվավեր էր ճանաչել նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին արձանագրությունները, որոնք ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ:

Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն ստորագրել էին 2009 թվականի հոկտեմբերին՝ Ցյուրիխում։ 2010 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը դադարեցնում է արձանագրությունների վավերացումը, քանի որ թուրքական կողմը փորձում է նախապայմաններ առաջ քաշել։