Reuters գործակալությունը լուսաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան՝ այն ներկայացնելով «Ռուսաստանի հետնաբակում Փելոսին դատապարտում է Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա» վերնագրով հոդվածում։
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ։
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կիրակի խստորեն դատապարտեց Ադրբեջանի, ինչպես նա անվանեց, «անօրինական» սահմանային հարձակումները Հայաստանի վրա՝ խոստանալով աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը: Փելոսին իր այցը Հայաստան՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգի չափ տարածք, որը սեղմված է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ, անվանեց աջակցությունն ուժգնացնելու փորձ։ Ելույթ ունենալով հնագույն Երեւան քաղաքում՝ Փելոսին ասաց, որ իր այցը կարեւոր նշանակություն ունի Ադրբեջանի կողմից «հայկական տարածքների վրա անօրինական եւ մահաբեր հարձակումներից» հետո, որոնք հանգեցրեցին ավելի քան 200 մարդու մահվան:
«Մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումները»,-ասել է Փելոսին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, որը դժգոհել է Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի արձագանքից։
«Մարտերը նախաձեռնել են ադրբեջանցիները, եւ դա պետք է ընդունել»,-ասել է Փելոսին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել մարտերի առնչությամբ եւ հանդարտության կոչ է արել, սակայն չի մեղադրել կողմերից որեւէ մեկին: Հայաստանը հայտնել է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո գնդակոծել է սահմանին մոտ գտնվող առնվազն վեց հայկական բնակավայր՝ անօդաչու սարքեր եւ խոշոր տրամաչափի զենքեր օգտագործելով եւ թիրախավորելով քաղաքացիական եւ ռազմական ենթակառուցվածքները։ Երեւանը հայտարարել է, որ սա դա չհրահրված ագրեսիա է։
Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիան, հերքում է այդ պնդումները։ Բաքուն պնդում է, որ հայկական դիվերսիոն ջոկատները փորձել են ականապատել ադրբեջանական դիրքերը, ինչը դրդել է զինվորներին արձագանքել։ Հայաստանը պնդում է, որ դա ադրբեջանական ապատեղեկատվություն է։
Ռուսաստանը, որը բազմիցս դատապարտել է Փելոսիի այցը Թայվան, Կովկասը համարում է իր ազդեցության գոտի։ Մոսկվան, սակայն, մտահոգված է ուկրաինական պատերազմով, որը Սառը պատերազմից ի վեր ամենամեծ առճակատումն է Արեւմուտքի հետ: Ռուսաստանը Հայաստանի գլխավոր ռազմական դաշնակիցն է, որն ունի ռազմաբազա Հայաստանի հյուսիսում եւ խաղաղապահներ՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմել են 2020 թվականին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանը բավական ռեսուրսներ ունի՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Վերջին ռազմական գործողություններն ավարտվել են Ռուսաստանի միջնորդությամբ։ Սակայն օգնության կոչերից հետո ՀԱՊԿ-ն որոշեց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան:
ԱՄՆ-ն, ըստ Փելոսիի, հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է օգնել և աջակցել Հայաստանին ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև գլոբալ պայքարում: «Մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալու համար, որ ժողովրդավարությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը առաջնահերթություն են»,-ասել է Փելոսին։ Նա նշել է, որ թավշյա հեղափոխությունը ողջունվել է ամբողջ աշխարհում։




























