Թեեւ իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսություն ողջ ընթացքում սուր քննարկումներ եւ տեսակետների բախումներ են արձանագրվել, սակայն կողմերի միջեւ միշտ բարյացկամ մթնոլորտ է տիրել։ Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կոալիցիա-ՀԱԿ երկխոսության աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը

«Սակայն այն, ինչ կատարվեց վերջին անգամ, դուրս է այդ մթնոլորտից եւ բանակցությունների տրամաբանությունից։ ՀԱԿ-ի մեր գործընկերները, առկախելով բանակցային  գործընթացը, ոչ կշռադատված քայլ արեցին։

Եթե Հայ ազգային կոնգրեսը նախկինում գտնում էր, որ իրավական եւ քաղաքական հարթությունների խնդիրները չպետք է խառնվեն իրար, ինչը շատ ճիշտ է, ապա այժմ իշխանություններից նրանց ակնկալածը հակառակն է այն կոչերի, որոնցով նրանք հազարավոր մարդկանց էին հավաքում հրապարակում։ ՀԱԿ-ի տրամաբանությունն այստեղ կաղում է»,- նկատեց Մինասյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ առաջիկա օրերը ցույց կտան՝ կփոխի՞ ՀԱԿ-ն իր ռազմավարությունը այս գործընթացում, կվեադառնա՞ արդյոք կառուցողական դաշտ, թե` ոչ։

«Կամ մենք կվերադառնանք կառուցողական հուն, կամ կլինեն ոչ կառուցողական զարգացումներ, ինչի արդյունքում դրական լուծումներ անհնար կլինի ակնկալել»,- նկատեց աշխատանքային խմբի անդամը։

Նշենք, որ ՀԱԿ-ի եւ իշխանության պատվիրակությունների բանակցությունների 7-րդ փուլը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը առավոտյան կառավարությունների տուն էր ժամանել միայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը եւ հայտնել, որ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել հանդիպմանը: Որպես հիմնական պատճառ՝ ՀԱԿ-ը նշել էր օգոստոսի 9-ի հայտնի միջադեպից հետո իր ակտիվիստներից Տիգրան Առաքելյանի անազատության մեջ գտնվելու փաստը, ում Կոնգրեսը համարում է քաղբանտարկյալ: