Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանական կոալիցիայի երկխոսությունը կշարունակվի, քանի որ երկխոսություն վարելու ցանկությունը կողմերի մոտ ձեւավորվել է դեռ երկու տարի առաջ: Այդ մասին օգոստոսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` հիշեցնելով, որ ժամանակին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ էր ունենում ընդդեմ «ապօրինի իշխանության հետ երկխոսության»:
«Պատրվակը, որը ՀԱԿ-ն օգտագործում է երկխոսության դադարեցման համար, շինծու է, քանի որ նրանց առաջադրած պահանջը կապ չունի երկրի քաղաքական կյանքի հետ եւ չի կարող խոչընդոտ լինել երկխոսության շարունակման համար»,- նկատել է Պետրոսյանը:
Ըստ պատգամավորի, տվյալ պատրվակը քաղաքական ենթատեքստ չունի, այդ հարցը իրավական է, եւ մեղավորը պետք է պատիժւը կրի օրենքի առջեւ: «Եթե փոխեն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը, դա նախադեպ կլինի, ինչն էլ իր հերթին քաոս կբերի երկրում: Ի վերջո, քաղաքական երկխոսությունը մի բան է, իրավական գործը` այլ: Եթե մենք զիջումների գնանք, ՀԱԿ-ը մի քանի օրից այլ պատճառներ կբերի երկխոսության դադարեցման համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը առկախում է բանակցություններին իր մասնակցությունը եւ կվերադառնա երկխոսությանը միայն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո, ում Կոնգրեսը համարում է քաղբանտարկյալ:




























