ԱՄՆ-ն անօրինական է համարում օգոստոսի 26-ին Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, հաղորդում է «Ազատությունը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Անկվաբը: Աբխազիայի ԿԸՀ-ի տվյալներով, Անկվաբին ձայն է տվել ընտրողների 54,86 տոկոսը։ Երկրորդ տեղում 21,04 տոկոսով վարչապետ Սերգեյ Շամբան է, երրորդում՝ ընդդիմադիր Ռաուլ Խաջիմբան՝ 19 տոկոս:
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,92 տոկոսը:
Օգոստոսի 27-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսով շնորհավորել է Անկվաբին «համոզիչ հաղթանակի» համար:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նույնպես շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահին, նշելով. «Հուսով եմ, որ մեր երկրների միջեւ առկա փոխհարաբերությունները Ձեր նախագահության ընթացքում ոչ միայն կպահպանեն կուտակված դրական դինամիկան, այլ նաեւ կհասնեն որակական նոր մակարդակի»:




























