Երեխան պետք է լինի ինքնուրույն եւ զարգացնի իր անհատականությունը, իսկ դրա համար ծնողները փողոցում քայլելիս չպետք է բռնեն երեխայի ձեռքը: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` երբ ծնողը բաց է թողնում երեխայի ձեռքը, նա շրջապատի նկատմամբ ավելի ուշադիր է դառնում, որպեսզի չընկնի, ինչն էլ նպաստում է երեխայի ինքնուրույնության աճին:
Ավելին` Ա. Ադիբեկյանը մշակել է նախադպրոցական տարիքի երեխաների կրթման մեթոդոլոգիա, ինչը կնպաստի երեխաների մոտ ինքնուրույնության եւ ակտիվության աճին: Այս մեթոդոլոգիան կյանքի կոչելու համար նա չբացառեց, որ բանկից վարկ կվերցնի:
Ա. Ադիբեկյանն ասաց նաեւ, որ դպրոցական համակարգը պետք է լինի այնպիսին, որ երեխաները լիարժեք հնարավորություն ստանան ինքնադրսեւորվելու: «50 հոգու լցնում են մի սենյակ, բայց ամեն մեկը մի անհատականություն է, որ այդ սենյակում կորչելու է»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Նրա խոսքով` առաջին դասարան հաճախող երեխային ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի թեկուզ 30 րոպե սեղանի առջեւ նստելու հանգամանքին: Կան երեխաներ, որոնք միանգամից չեն կարողանում հարմարվել, ուստի շրջապատի կողմից որակվում են որպես տհասներ: Այնինչ, ըստ Ա. Ադիբեկյանի, դպրոցը ոչ թե լիդերներ պատրաստելու համար է, այլ «թույլիկներին» ակտիվացնելու, ինչն էլ կբարձրացնի ընդհանուր կրթական որակը:



























