Ալբերտ Տեր-Սարգսյանը, ով Միացյալ Նահանգներում մեղադրվում է հայ ընտանիքի սպանության եւ Սանսեթ բուլվարում մարմնավաճառուհու վրա հարձակման համար, ծառայել է հայկական բանակում: Այդ մասին գրում է The Los Angeles Times պարբերականը:

Երեկ` օգոստոսի 29-ին երդվյալ ատենակալների դատարանը մեղադրական վճիռ է կայացրել 65-ամյա Տեր-Սարգսյանի նկատմամբ: Նրան չորս կետով մեղադրանք է առաջադրվել:

Ալբերտ Տեր-Սարգսյանն իրեն վարձու մարդասպան էր երեւակայել: Նա մտերիմ հարաբերություններ ուներ սպանված ընտանիքի հետ:  2008թ. կեսերին Խաչիկ Սաֆարյանը խոստովանել է Տեր-Սարգսյանին, որ սիրավեպ է ունեցել այլ կնոջ հետ: Տեր-Սարգսյանը սիրահարված է եղել Սաֆարյանի կնոջը` Կարինե Հակոբյանին եւ փորձել է օգտվել իրավիճակից: Սակայն երբ դավաճանությունը բացահայտվել է, Կարինե Հակոբյանը չի բաժանվել ամուսնուց; Դա վրդովեցրել է Տեր-Սարգսյանին, ով անցել է վճռական գործողությունների: Սաֆարյանը երկիրը լքելու անանուն սպառնալիքներ է ստացել: 2008թ. դեկտեմբերի 11-ին Խաչիկ Սաֆարյանն ու նրա դուստրը՝ 9-ամյա Լուսինե Սաֆարյանը սպանվել էին: Սպանությունից հետո էլ Տեր-Սարգսյանը հետապնդել է Կարինե Հակոբյանին, սակայն ապարդյուն:

2010թ. մարտի 26-ին Լոս-Անջելեսում սպանվել էր Կարինե Հակոբյանը: Պարանոցի հատվածում հրազենային վնասվածքով դին հայտնաբերել էր նրա 14-ամյա դուստրը Ոստիկանությունը վստահ է, որ կնոջ սպանության պատճառը եղել է Տեր-Սարգսյանին մերժել է:

Ալբերտ Տեր-Սարգսյանի վրա կասկած է առաջացել, երբ նրա ղեկավարը ոստիկանությանը հայտնել է, որ նրա մոտ զենք է տեսել: 2010թ. օգոստոսի 3-ին վերջինիս մեղադրանք էին առաջադրել: