Այնպիսի փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, կարող է միայն փորձարկված կայաններ կառուցել։ Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սեւիկյանը։
Նա պարզաբանեց, որ 500-600 մեգավատտ հզորությամբ էներգաբլոկների արժեքը մեծ կայանի արժեքի 80 տոկոսն է կազմում։ Բացի այդ, նման բլոկի կյանքի տեւողությունը կկազմի 60 տարի՝ մինչեւ 100 տարի երկարաձգելու հնարավորությամբ, ինչը հիմք կստեղծի երկրի արդյունաբերության զարգացման համար։
Սեւիկյանը նշեց, որ այժմ աշխարհում չկան 500-600 մեգավատտ հզորությամբ էներգաբլոկներ, որոնք ունեն աշխատանքի բավական երկար պատմություն։
«Այսօր ամբողջ աշխարհը կախված է էլեկտրաէներգիայից։ Բացի այդ, ավտոտրանսպորտն է անցնում էլեկտրաէներգիայի։ Եթե Հայաստանը նույնպես անցնի էլեկտրամոբիլների, ապա մեզ անհրաժեշտ կլինի երկու անգամ ավելի, քան արտադրում է գործող էներգաբլոկը, այսինքն՝ տարեկան 4,5 միլիարդ կՎտժ։
Մինչեւ 2035 թվականը էլեկտրաէներգիայի ծախսերն ամբողջ աշխարհում կավելանան 33 տոկոսով։ Մեկ շնչին ընկնող էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշով մենք 119-րդ տեղում ենք ցուցակում ընդգրկված 142 երկրների մեջ։ Մենք 40-50 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա ենք ծախսում, քան հզոր երկրները»,- ընդգծեց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդականը։





























