Տյումենի մարզում դատավճիռ է կայացվել երեք հայի գործով, ովքեր մեղադրվում էին ծեր կնոջ սպանության մեջ, որը նրանք իրականացրել էին հանուն շահի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ քննությունը պարզել էր, որ 26-ամյա Գեւորգ Բազոյանը Նովայա Զաիմկա գյուղում ապրել է մի աղջկա հետ եւ իմացել, որ նրա տատիկը մենակ է ապրում եւ կուտակած փող ունի: 2010թ. օգոստոսի 15-ին երիտասարդն ընկերներին` Սուրեն Մելքոնյանին եւ Ասքանազ Պողոսյանին առաջարկել էր գողանալ տատիկի խնայողությունները:
Օգոստոսի 16-ի գիշերը նրանք եկել էին իրենց զոհի տան մոտ եւ մտել ներս: Կինն արթնացել էր, եւ Բազոյանն ու Մելքոնյանը սկսել էին դաժանաբար ծեծել նրան` պահանջելով հայտնել գումարի տեղը: Գանգի կոտրվածքից կինը տեղում մահացել էր, իսկ չարագործները 2 հազար 650 ռուբլի էին գտել:
Հանցագործներին ձերբակալել էին մի քանի օր անց եւ մեղադրանք ներկայացրել: Գեւորգ Բազոյանն ու Սուրեն Մելքոնյանը մեղադրվել էին ավազակության եւ կանխամտածված սպանության մեջ եւ դատապարտվել համապատասխանաբար 12 եւ 9.5 տարվա ազատազրկման, իսկ Ասքանազ Պողոսյանը մեղադրվել էր կողոպուտի մեջ եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման:



























