Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսի 30-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի պատասխանատու Արտո Ահոնեին  եւ նույն ծրագրի վերլուծող` Միլա Պանպոլինային:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող գյուղական ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքը, կատարված աշխատանքները եւ կարեւորել են այդ ճանապարհների պահպանման եւ շահագործման խնդիրը:

Այնուհետեւ երկուստեք մանրամասն անդրադարձել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 եւ Տրանշ-2 հատվածների վերակառուցման ֆինանսավորման, բնապահպանական, կազմակերպչական, անշարժ գույքի օտարմանն առնչվող մի շարք  հարցերին: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Արտո Ահոնեին իր գոհունակությունն է հայտնել վերոնշյալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Երկուստեք քննարկել են նաեւ նույն ծրագրի` Տրանշ-3 հատվածի, վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը` հատկապես կարեւորելով ծրագծի հետագա ամբողջական նախագծման ընթացքում նոր կարողությունների ձեւավորման եւ ամրապնդման, նոր չափանիշների կիրառման հարցերը: