Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո էներգետիկայի նախարարությանը հանձնարարել է սկսել գազաբաշխիչ կենտրոնի ստեղծման աշխատանքը։

Էրդողանն ասել է, որ երկու երկրներն անհապաղ կսկսեն աշխատանքը դեպի Եվրոպա գազի տեղափոխման Պուտինի առաջարկած գազաբաշխիչ կենտրոնի ստեղծման ուղղությամբ, եւ սպասելու «հարկ չկա», տեղեկացրել են լրատվական գործակալությունները։

«Կենտրոնի համար ամենահարմար տեղը Թրակիան է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին մենք ցուցում ենք տվել էներգետիկայի նախարարներին սկսել համապատասխան աշխատանքները։ Մենք ունենք [գազի] բաշխման ազգային կենտրոն, բայց սա միջազգային է լինելու։ Խոսք լինել չի կարող որեւէ ձգձգման մասին, մեր ընկերներն անհրաժեշտ բանակցություններ կվարեն եւ անմիջապես կսկսեն աշխատանքը։ Անվտանգության ապահովման հարցում կընդունվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, նախնական աշխատանքներն այս ուղղությամբ մենք իրականացնում ենք»,- Էրդողանին մեջբերել է ՏԱՍՍ-ը։