Հոկտեմբերի 19-22-ը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մասնակցել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ստեղծման մեկնարկային համաժողովին: Այստեղ Արեւելյան գործընկերության անդամ 6 երկրների եւ ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչները ներկայացվել են թե ինչ կերպ են պատկերացնում գործընկերության խորհրդարանական ձեւաչափը` «Եվրանեսթը»:

Ն. Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ստեղծումը հնարավորություն կտա օգտագործելով խորհրդարանական ճկուն գործիքներն ու խորհրդարանական դիվանագիտությունը` նպաստել գործընկեր երկրների եվրոպական ինտեգրմանը: Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից տարվող վերապահումների քաղաքականությանը, որը էապես խոչընդոտում է գործընկերությամբ հռչակված առաջնահերթությունների լուծմանը: Այս առնչությամբ, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն ասել է, որ հայկական կողմի համար անընդունելի կլինի, եթե Ադրբեջանը փորձի այս ձեւաչափը վերածել հայկամարտությունների լուծման ձեւաչափի՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից այդօրինակ քաղաքականության շարունակումը այս խիստ կարեւոր նախաձեռնությունը հենց առաջին նիստից կտանի փակուղի:

Ի պատասխան Ադրբեջանի Միլի Մեջլիսի ներկայացուցչի ելույթի, որում կրկին հնչել է կեղծիք եւ ապատեղեկատվություն ԼՂ վերաբերյալ, Ն. Զոհրաբյանը գրավոր դիմում է հղել համաժողովի նախագահող Շվեդիայի ներկայացուցիչ Գորան Լենմարկերին` առաջարկելով ԵՄ-ի եւ գործընկեր անդամ պետությունների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական գործելակերպի վրա եւ կոչ արել, որ ԵՄ-ն հստակ վերաբերմունք արտահայտի Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերի եւ հայտարարությունների հանդեպ:

Նախնական պայմանավորվածությամբ, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը (ԱԳԽՎ) բաղկացած կլինի 120 պատգամավորից. 60 պատգամավոր ԵՄ անդամ պետություններից եւ 10-ական պատգամավոր գործընկեր պետություններից` Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայի, Ադրբեջանից եւ Բելառուսից:

Ստոկհոլմյան այցի ընթացքում Ն. Զոհրաբյանը հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ եւ պարզաբանումներ ներկայացրել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների եւ հայ-թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ: