Գիտելիքի օրվա նախօրեին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ  տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության արարողություն:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավանդույթի վերածված միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների, ուսումնարանների եւ մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաեւ հանրակարթական դպրոցների աշակերտներ:

Եկեղեցական արարողակարգից հետո, Գարեգին Բ-ն օրհնության խոսք է ուղղել ներկաներին եւ նշել. «Մեծ եւ պատվական է ձեր կոչումն ու ծառայությունը, ձեզ է վստահված նոր սերնդի կրթությունը, ձեր ձեռքերում է մեր ժողովրդի գալիքը, որը բոլորս ուզում եք տեսնել լուսավոր ու պայծառ։ Դուք գիտելքներով հարստացնում եք մեր զավակներին, կրթում նաեւ նրանց հոգին ազգային արժեքներով, բարոյական սկզբունքներով` ազնվությամբ, արդարությամբ, մարդասիրությամբ, հայրենասիրությամբ եւ ամենայն առաքինությամբ, առանց որոնց չի կարող կանգուն մնալ ոչ մի հասարակություն, ոչ մի պետություն»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարեւորելով եկեղեցու դերակատարումը կրթության համակարգում եւ ընդհանրապես հանրային կյանքում, նշել է.«Դարեր շարունակ, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, հայ երեխայի կրթության խնդիրը լուծում էր Հայաստանյաց Առաքելական եկեղեցին: Անկախ պետության աշխարհիկ կրթական համակարգում եւս եկեղեցու դերը շատ կարեւոր է, քանի որ կրթության գլխավոր առաքելությունը գիտելիք հաղորդելուն զուգահեռ արժեհամակարգ ձեւավորելն է: Այստեղ հայոց եկեղեցին  ո՛չ մրցակից ունի, ո՛չ  էլ այլընտրանք»: ԿԳՆ-ի եւ Մայր Աթոռի համատեղ կրթական  ծրագրերից նախարարը կարեւորել է հատկապես միջին եւ ավագ դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը: Նախարարը նշել է, որ այս առարկայի  ուսուցիչների վերապատրաստումը կատարվում է եկեղեցու աջակցությամբ: