Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եւ փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն այսօր կմասնակցեն Վրաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 10-րդ նիստին, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում։
Վրաստանի իրավիճակը՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո անվտանգության տեսանկյունից եւ Եվրամիության դերը՝ միջազգային դիտարկման ու անվտանգության հետագա աջակցման տեսանկյունից, կլինեն Վրաստան-ԵՄ համագործակցության խորհրդի լիագումար նիստի հիմնական թեմաները։ Եվրոպական պատվիրակությանը կգլխավորի ԵՄ նախագահող Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը։
Բացի այդ, կշոշափվեն Վրաստանի ու ԵՄ-ի միջեւ հարաբերությունների խորացման հետագա հեռանկարներն ու ասոցիացված անդամության մասին համաձայնագրի ձեւակերպումը, որն իր հերթին ընդգրկում է ազատ առեւտրի, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում համագործակցության հարցերը։
Հանձնաժողովի նիստին կմասնակցեն Եվրամիության գլխավոր քարտուղար, արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան, արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։




























