Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի ՊՆ խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթին (Christian Schmidt):
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը բարձր է գնահատել վերջին տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսության եւ բազմաբնույթ համագործակցության դինամիկ զարգացումը` համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ փոխայցելություններն առավել կամրապնդեն հայ-գերմանական հարաբերությունները:
Քրիստիան Շմիդթը, իր հերթին գոհունակություն հայտնելով տարբեր բնագավառներում հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ, հատուկ շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերին գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ներդրման համար:
Պետքարտուղար Շմիդթի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Զրուցակիցները հանգամանալից զրույց են ունեցել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:




























