Լեռնային Ղարաբաղը ձգտում է հասնել միջազգային ճանաչման, անկախ նրանից, թե մյուս չճանաչված պետությունները ճանաչում են նրան, թե` ոչ: Այս մասին հայտարարել է ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը` «Նեզավիսիմայա գազետա» թերթի լրագրող Յուրի Սիմոնյանին տված հարցազրույցում` պատասխանելով այն դիտարկմանը, թե Աբխազիայից եւ Հարավային Օսիայից բացի, ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել են սահմանափակ թվով երկրներ:
Սահակյանի խոսքով` միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ի ճանաչումը գերակայություն է: «Ըստ էության, մեր անկախությունը չճանաչելու իրավական հիմքեր չկան, եւ այդ հարթությունում մեր փաստարկներն անթերի են: Այլ հարց է, որ կան աշխարահաքաղաքական դրդապատճառներ, տարբեր տեսակի շահեր եւ այլն, որոնք ուշացնում են մեր ճանաչումը: Բայց կարծում եմ, որ աշխարահաքաղաքականությունը եւ շահերի բախում նահանջելու են օրենքի եւ բարոյականության առջեւ, ինչի վկայությունը նախկինում չճանաչված պետությունների ճանաչման անցումային գործընթացն է, հատկապես նոր փուլը` վերջին 3-4 տարիներին»,- ասել է Սահակյանը:
Նրա խոսքով` Ղարաբաղի անկախության ճանաչմանը հասնելը չի կանխորոշվում միայն համապատասխան նախադեպերով «Մենք ձգտելու ենք հասնել միջազգային ճանաչման` անկախ նրանից, կճանաչե՞ն մյուս չճանաչած պետությունները, թե` ոչ, քանի որ դրա համար կան բացարձակապես բոլոր հիմքերը` լինի դա պատմական, իրավական, քաղաքական կամ բարոյական»,- ասել է նա:




























