Կա չորս հիմնական ուղղություն, որոնց շուրջ Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է ակտիվացնեն աշխատանքները: Այդ մասին հայտնել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը` սեպտեմբերի 1-ին կայացած ասուլիսում:

Բեքարյանը նշել է, որ այդ ուղղություններից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի մասին առավելապես գրվում եւ խոսվում է հակամարտության կարգավորման մասին. ԼՂՀ-ի մասին տեղեկատվության մոտ 80 տոկոսը նվիրված է հակամարտության կարգավորմանը:

Նրա խոսքով, դա խնդիր է, եւ այդտեղ իրենց մեղքի բաժինն ունեն լրատվամիջոցները: Երկրորդը ԼՂՀ-ի պետականաշինության ուղղությունն է, ընդ որում դա չի կարող ենթարկվել այլ գործընթացների: Այնուհետեւ, պայմանականորեն ասած, միջազգային ֆոնի ստեղծումն է, իսկ չորրորդը` Հայաստանի եւ ԼՂՀ-ի համագործակցությունն է:

Երեւանի եւ Բաքվի միջեւ առկա հակամարտության ժամկետների վերաբերյալ հարցին անդրադառնալով, Բեքարյանը նշեց, որ հակամարտության երկարատեւության մասին կարծիք է ձեւավորվում Կազանում Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ կայացած հանդիպման արդյունքում: «Դա որոշակի հիասթափության հետեւանք է: Ակնկալվում էր բեկում, որը տեղի չունեցավ, եւ այժմ փորձեր են արվում վերլուծել իրավիճակը»,-նշել է Բեքարյանը` հավելելով, որ նշված սցենարը հավանականներից մեկն է: