Շուշիում այսօր` սեպտեմբերի 1-ին, նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոց է շահագործման հանձնվել («Շուշի Գրանդ Հոթել»), որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը հյուրանոցի շահագործման հանձնելը կարեւոր է համարել քաղաքի զարգացման եւ այն զբոսաշրջության կենտրոն դարձնելու տեսանկյունից:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրանոցի շինարարությունը ֆինանսավորած Լիբանանի և ԱՄՆ-ի հայ բարերարներին` ընդգծելով, որ համայն հայության ջանքերի համախմբումը Շուշիի զարգացման գործում հանդիսանում է համազգային նշանակության խնդիր:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:


























