«Ադրբեջանը շատ կարեւոր երկիր է Կովկասում եւ ԱՄՆ-ը մեծ նշանակություն են տալիս նրա հետ հարաբերություններին: մենք, իհարկե, հասկանում ենք Ադրբեջանի մտահոգությունը կապված հայ-թուրքական սահմանի բացման հետ եւ հաշվի ենք առնում այդ մտահոգությունը»,- Բաքվում նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդանաուն, սակայն անմիջապես հետո հավելել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է սահմանի բացման գործընթացը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:
«Մենք կարծում ենք, որ այդ գործընթացը կծառայի տարածաշրջանում խաղաղության գործին, բայց միաժմանակ մենք հասկանում ենք Ադրբեջանի մտահոգությունը: Մեզ համար կարեւոր է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը, այլեւ ԼՂ խնդրի լուծումը: ԼՂ խնդրի նկատմամբ մեր ուշադրության ապացույցն է այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահը փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեն է»:
Անդրադառնալով հարցին, թե երբ է ԱՄՆ-ը դեսպան նշանակելու Բաքվում, Թ. Քեյդանաուն նշել է. «Ադրբեջանը մեր արժեքավոր գործընկերն է եւ շատ կարեւոր երկիր տարածաշրջանում, դրա համար մենք հիմա ուշադրությամբ ուսումնասիրում ենք Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հնարավոր թեկնածությունները»:




























