Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրն անցկացրել են Շիրակի մարզում` Նոր Կյանք եւ Արեւշատ գյուղերում:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այդ գյուղերում հիմնանորոգվել են հանրակրթական դպրոցների շենքերը «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով: Շիրակի ու Լոռիի մարզերում անցկացվող ծրագրի ընդհանուր արժողությունը 12 միլիոն դոլար է:

«Լինսի» դպրոցաշինության ԾԻԳԻ-ի ղեկավար Հրայր Սարգսյանի խոսքով, Շիրակի մարզում ծախսվել է 5,5 միլիոն դոլար գումար` 3 գյուղերում դպրոցների շենքերի վերանորոգման համար: Հիմնանորոգվել են Նոր Կյանք, Արեւշատ եւ Սարակապ գյուղերի դպրոցները:

Շինարարական աշխատանքները սկսվել են 2010թ. ամռանը եւ ավարտվել են ժամկետից 3 ամիս շուտ: Դպրոցներն ապահովված են լոկալ ձեռուցման համակարգով, եվրոպական չափանիշներով վերանորոգում է իրականացվել, առաջին անգամ Հայաստանում իրականացվել է ստորերկրյա ջրերի հեռացման համակարգ:

Սարակապի դպրոցը կբացվի վաղը` սեպտեմբերի 2-ին, իսկ բացմանը կմասնակցի վարչապետ Տիգրան Սարգսյանը: