Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 1-ի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք է ուղղել աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի’ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա  եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Այսօր մեկնարկում է անկախ Հայաստանի 20-րդ ուսումնական տարին, եւ լավագույն առիթն է ընձեռված` մեկ անգամ եւս հետ նայել, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները եւ հաստատակամորեն քայլել առաջ:

Կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներն իրենց հիմքում երկու հիմնական միտումներ ունեն` դիմակայելով համաշխարհային տեղեկատվական հոսքերին ու համահարթեցմանը` պահպանել մեր ազգային ինքնությունն ու ամուր պահել ազգային դպրոցի հիմքերը եւ լինելով եվրոպական ընդհանուր կրթական տարածքի մաս` ապահովել Հայաստանի կրթական համակարգի զարգացումը, մրցունակությունն ու միջազգայնացումը: Այս գործընթացներում հաջողության հասնելու գրավականը մեզանից յուրաքանչյուրի նվիրումն ու հետեւողական աշխատանքն է:

Ժամանակակից աշխարհում տնտեսության եւ հասարակության զարգացման անկյունաքարը դարձել է գիտելիքը: Մեր երկիրը եւս պետականորեն որդեգրել է այդ մոտեցումը, եւ արդեն առկա են դրա վառ օրինակները: Մեր` կրթության ոլորտի ներկայացուցիչների խնդիրն է դառնում նպաստել գիտելիքի վերարժեւորմանն ու հասարակական գիտակցության մեջ դրա արմատավորմանը:

Յուրաքանչյուր մեկնարկ լի է հույսերով եւ ակնկալիքներով: Ցանկանում եմ, որ այս նոր ուսումնական տարում իրականություն դառնան յուրաքանչյուրիս նպատակները` ի շահ մեր ընտանիքների ու մեր երիտասարդ պետության:

Մեկ անգամ եւս շնորհավորելով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա  ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ եւ նվաճումներ»: