Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները օգոստոսի 24-ին այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ քաղաքացիական անձանց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության լրատվական ծառայության աշխատակից Հասմիկ Գալստյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր` սեպտեմբերի 1-ին տեղեկություն են տարածել, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում հանդիպել են երեք հայ ռազմագերիներին եւ հինգ հայ քաղաքացիական անձանց, եւ նամակ են հանձնել ռազմագերիներից մեկին:
Նշենք, որ Ադրբեջանում գտնվող քաղաքացիական ընտանիքի անդամներն են Եղիշե Գեւորգյանը (8 անգամ դատված, ներկայումս էլ կասկածվում է սպանության մեջ), նրա կինը եւ երեք մանկահասակ երեխաները: Գեւորգյանն ընտանիքի հետ 2010 թ. հունվարի 10-ին փախել էր Ադրբեջան:
Ադրբեջանում են գտնվում երեք հայ ռազմագերիներ: Անծանոթ տարածքում մոլորված երկու հայ զինվորները 2009 թ. մայիսից գտնվում են Ադրբեջանում, եւ մեկը` նույն տարվա հուլիսից:




























