«Հայաստանի պետբյուջեն այնքան ողբերգական վիճակում չէ, որ տարբեր կառույցներից ստացված վարկերն ուղղվեն սոցիալական ոլորտ, այդ թվում նաեւ կենսաթոշակային ֆոնդ, որն այս տարի 190 մլրդ դրամ է կազմել»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը։
Ընգծելով, որ նման բան չի եղել եւ ոչ էլ կլինի գոնե 2010-ին, նա, սակայն, հավելեց, որ թեեւ սահմանված միջին կրթաթոշակի չափը՝ 26900 դրամ, հաջորդ տարի, չի նվազի, բայց նաեւ չի էլ ավելանա։ Վազգեն Խաչիկյանը նշեց, որ այս տարվա հաշվարկներով` 420 հազար աշխատողին բաժին է ընկնում 540 հազար թոշակառու, ինչը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ թիվ է կազմում, այն դեպքում, երբ Խորհրդային տարիներին այդ հարաբերությունը չնչին էր։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հարցին, թե ինչո՞ւ են մի շարք ոլորտների, այդ թվում զինված ուժերի, ոստիկանության, դատական համակարգի եւ այլն, աշխատակիցներ, ՀՀ մյուս քաղաքացիների համեմատ արտոնյալ թոշակներ ստանում (մոտ 3-4 անգամ ավել), Վազգեն Խաչիկյանը պատասխանեց, որ դա սահմանված է օրենքով եւ արվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ոլորտի աշխատակիցները «հավելյալ եկամուներ չունեն եւ նրանց տվյալ ոլորտում պահելու համար աջակցել է պետք»:
Այսինքն ստացվում է, որ, ըստ Վ. Խաչիկյանի, այլ ոլորտներում աշխատողները հավելյալ եկամուտներ ունեն: Նշենք, սակայն, որ ոստիկանությունում ու բանակում ծառայողները նույնպես «հավեյլալ եկամուտների» պակաս չունեն, հատկապես հաշվի առնելով, թե ինչ շքեղ մեքենաներով են նրանցից ոմանք շրջում եւ ինչ «օբյեկտներ» ունեն:




























