Ֆրանսիան, ԵՄ գործընկերների հետ աշխատում է Ուկրաինայից հացահատիկի արտահանման ցամաքային ճանապարհի ուղղությամբ՝ «պարենամթերքի գործարքին» Ռուսաստանի մասնակցության կասեցումից հետո։ Երկուշաբթի այս մասին հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Մարկ Ֆենոն։
«ԵՄ շրջանակներում ես հաճախ եմ շփվում ԵՄ գործընկերների հետ, հատկապես գերմանացի գործընկերոջ հետ, մենք փորձում ենք պարզել՝ եթե այս երթուղին այլեւս չի կարող անցնել Սեւ ծովով, ապա արդյոք այն կարող է անցնել ցամաքային ճանապարհով… մասնավորապես՝ Ռումինիայի եւ Լեհաստանի տարածքով, որպեսզի, նրանք, ովքեր հացահատիկի կարիք ունեն, կարողանան ձեռք բերել այն խելամիտ գնով»,- RMC ռադիոկայանի եթերում ասել է նախարարը։
Ֆենոյի խոսքով, «պարենամթերքի գործարքից» Ռուսաստանի Դաշնության դուրս գալը անմիջական հետեւանքներ չի ունենա Ֆրանսիայի համար, այս որոշումից կտուժեն երրորդ աշխարհի երկրները։





























