Իրաքի նոր վարչապետ Մոհամեդ ալ-Սուդանին Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ բանակցությունների շարունակման հույս ունի, հաղորդում է Reuters-ը։

Այն բանից հետո, երբ նրա կառավարությունը ստացել է խորհրդարանի վստահությունը, ալ-Սուդանին հայտարարել է, որ իրանական կողմը շահագրգիռ է շարունակելու Իրաքի միջնորդությամբ բանակցությունները։

«Մեզ խնդրել են շարունակել»,-ասել է նա՝ մանրամասներ չհայտնելով։

Ալ-Սուդանիի կառավարությունը 2005 թվականից ի վեր Իրաքի առաջին կառավարությունն է, որտեղ չկան շիա հոգեւորական Մուքթադա աս-Սադրի դաշինքի ներկայացուցիչներ։

Իր ելույթում Ալ-Սուդանին խոստացել է «վերադարձնել Իրաքի գողացված միջոցները», որոնք կարող էին տեղափոխել արտասահման։ Նա նաեւ նշել է, որ Իրաքում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կոալիցայի ուժերի հետ բանակցություններ է վարում, որպեսզի հասկանա Իրաքի անվտանգության ուժերի կարիքները։