Խաղադրույք կատարելը Հայաստանում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով խաղադրույքների կամ շահումով խաղերի գովազդների ոլորտում կառավարության վարած քաղաքականությանը, Փաշինյանն ասաց. «Սա կարեւոր սոցիալական նշանակություն ունի: Երբեմն մենք խորությամբ չենք գիտակցում ճգնաժամի մասշտաբներն ու չափը: Ես հիշում եմ, 2018-ին, երբ նոր էի ստանձնել վարչապետի պաշտոնը, հունիս-հուլիսին գրանցվեցին 9,5 եւ 10,8 տնտեսական ակտիվության ցուցնաիշներ: Ինձ հետաքրքիր էր, թե ինչի հաշվին է դա արձանագրվել: Ես սարսափով արձանագրեցի, որ դրա մի հսկայական մասը կապված է ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ: Պարզվեց՝ մեր երկրպագուները շատ մեծ տեմպերով խաղադրույքներ են կատարում: բոլորի իրավունքն ու ազատությունն է, բայց խաղադրույք կատարելը ՀՀ-ում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի: Սրանով ամեն ինչ ասված է:
Ես ուրախ եմ, որ մենք հետեւողական քայլեր ենք անում այս ուղղությամբ, բայց չպետք է կանգնենք ուղղակի գովազդներն արգելելու վրա: Կառավարությունն աշխատում է շահումով խաղերի հարկման նոր, առավել արդյունավետ համակարգեր ստեղծելու վրա:
Մենք սարսափով ենք արձանագրում, որ սոցիալական նպաստ ստացող շատ քաղաքացիներ իրենց նպաստները ծախսում են խաղադրույքներ կատարելու վրա: Մենք պետք է գործուն քայլեր ձեռնարկենք սրան վերջ տալու համար: Այս դեպքում հարց է ծագում, թե ինչու է պետությունը նրանց վճարում»,-ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ պետությունը խաղադրույքներ թույլ կտա իրականացնել միայն բանկային քարտերից եւ հաշիվներից, ինչը նշանակում է խաղադրույք կատարած ցանկացած մարդու նույնականացնել:





























